Աղբիւր՝ www.aztagdaily.com

 

«Ակօս» շաբաթաթերթի կայքը հաղորդում է, որ թուրք գրող Հուդա Քայան յայտնել է, որ 1915-ին տեղի ունեցածը բառի բուն իմաստով ցեղասպանութիւն է:

«Մի ժամանակ հպարտութեամբ ասում էինք. «Թուրքիայի բնակիչների 98 առ հարիւրն իսլամ են»: Երբ իմացայ իրական պատմութիւնը, ոչ թէ այն, ինչ որ մեզ սովորեցրել էին, ամօթ եւ նմանատիպ զգացումներ ունեցայ»,- ասել է նա:

Թուրք գրողը նշել է, որ երբ իմացել է, որ տակաւին 80 տարի առաջ հողերի առնւազն կէսը ոչ իսլամներով է բնակւած եղել, ուղեղը շանթահարւել է: «Որտե՞ղ են հիմա միլիոնաւոր մարդիկ: Թուրքիայի հանրապետութեան պատմութեան իւրաքանչիւր էջը կեղտոտ եւ արիւնոտ էր: 100 տարւայ ամօթը կար...»,- ասել է Քայան:

Թուրք գրողը նշել է, որ մինչեւ հիմա շատերը «ցեղասպանութիւն», իսկ ոմանք մինչեւ իսկ «տեղահանութիւն» չեն կարող ասել, երբ իրականութիւնը «ցերեկւայ նման յստակ է»: «Ենթադրենք` ոչ մէկ կոտորած չի եղել, սակայն միլիոնաւոր մարդիկ իրենց տնից, տեղից, հայրենիքից, գիւղից բռնութեամբ դուրս են բերւել, աքսորւել են. դա ցեղասպանութեան մէկ այլ երեսը չէ՞: Ամբողջ մի ազգի իր հայրենիքից, հողից արմատախիլ լինելը մարդկութեան դէմ յանցանք է, իսկ տեղի ունեցածը բառի բուն իմաստով Ցեղասպանութիւն է»,- ասել է Քայան:

Ըստ նրա, այդ իրականութիւնը քաղաքական վիճարկումների առիթ դարձնելը պատմական անխղճութիւն է: «Իմ համոզումովս մի մարդ սպանելը բոլորին սպանելու նման է: Մեզ կարուղանալո՞ւ ենք ներել»,- ասել է Քայան: